ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն Armenia Today-ի հարցման ի պատասխան հայտնել է 2020-2024 թվականներին Հայաստանից հեռացած արցախցիների թիվը, ովքեր հաշվառում են ունեցել Արցախում։ ԱԱԾ տվյալները փաստում են, որ վերջին 4 տարիներին Հայաստանից հեռացել ու ՀՀ այլևս չի վերադարձել Արցախում հաշվառում ունեցող ավելի քան 21,000 քաղաքացի։
«2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2024 թվականի ապրիլի 30-ը Հայաստանի Հանրապետությունից մեկնել է ԼՂ հաշվառում ունեցող 46,045 անձ, նրանցից վերադարձել է 24,567-ը, չի վերադարձել 21,478-ը»,- հայտնել են ԱԱԾ-ից։
ԱԱԾ տվյալներով՝ ԼՂ-ում հաշվառում ունեցող քաղաքացիներն ավելի հաճախ մեկնել են 5 երկիր, որոնց թվում են ՌԴ-ն, Վրաստանը, Եգիպտոսը, Իրանը, Արաբական Միացյալ Էմիրությունները` ըստ նվազման։
Մայիսի 7-ին կայացած ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խուսափել էր պատասխանել Հայաստանը լքած արցախցի տեղահանվածների թվի վերաբերյալ Armenia Today-ի թղթակցի հարցին։ Փաշինյանն ուռճացված էր անվանել «Ժողովուրդ» օրաթերթի այն տեղեկությունը, թե ԼՂ շուրջ 16 հազար բռնի տեղահանված լքել է Հայաստանը։
2024 թվականի հունվարին արցախցիների շրջանում անցկացված հարցման մասնակիցներն Armenia Today-ին ասել էին, որ ստիպված են մտածել արտերկրում աշխատելու մասին, քանի որ իրենց առաջարկվող աշխատավարձը, օրինակ՝ որպես դպրոցի ուսուցիչ, թույլ չի տալիս հոգալ բնակարանի վարձակալության և երեխաների խնամքի ծախսերը։