Դատարանի որոշմամբ ազատ են արձակվել մայիսի 31-ին ՀՀ ԱԳՆ շենքի մոտ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակցիայի գործով երեք ձերբակալված քաղաքացիները, հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Նրա տվյալներով՝ «ԱԳՆ-ի գործով» հունիսի 4-ին ձերբակալվել էին Գագիկ Համբարձումյանը, Ժորա Ավետիսյանը և Մեսրոպ Եսայանը, վերջինս գտնվում էր տնային կալանքի տակ։
Մելիքյանը նշել է, որ քաղաքացիները ձերբակալվել էին խուլիգանության մեղադրանքով, բոլոր երեքի նկատմամբ դատարանը կիրառել է «վարչական հսկողություն» խափանման միջոցը։
Փաստաբանը հայտնել է, որ մայիսի 31-ի ցույցի գործով ներկայումս կալանքի տակ է գտնվում Գնել Պետրոսյանը և նրա գործի վերաբերյալ որևէ տեսագրություն չկա։
«Նա ձերբակալվել է ոստիկանների ցուցմունքի հիման վրա, նրանք ցուցմունք են տվել, թե իբր Գնելը ոտքերով հարվածել է ոստիկանների վահաններին»,- ասել է Մելիքյանը՝ հավելելով, որ Գնելը մեկ ամսով կալանավորվել է։
Հունիսի 4-ին Քննչական կոմիտեն հայտնել էր, որ ՀՀ ԱԳՆ դիմաց բողոքի ակցիայի ընթացքում առերևույթ խուլիգանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել 5 անձի նկատմամբ։ Ըստ ՔԿ-ի՝ ակցիայի ընթացքում մի խումբ անձինք անպարկեշտ արտահայտություններ և հայհոյանքներ էին հնչեցրել, շիշ և տարբեր առարկաներ նետել տեղում ծառայություն իրականացնող՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների և Արտաքին գործերի նախարարության շենքի ուղղությամբ:
Մայիսի 31-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ ԱԳՆ շենքի մոտ ակցիա էր իրականացրել՝ հանդիպում պահանջելով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանն ակցիայի մասնակիցներին հայտնել էր, որ Միրզոյանը հանդիպման համաձայնություն չի տվել, զբաղված է։ ԱԳՆ շենքի դիմաց ոստիկանությունը փորձել էր ցրել շարժման ակցիան, հետո բախումներ էին սկսվել։ Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հունիսի 2-ին հայտնել էր, որ ԱԳՆ շենքի մոտ տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալվածների պահման վայրում 27 քաղաքացի կա։ Հունիսի 3-ին ձերբակալված 27 քաղաքացիներն ազատ էին արձակվել։