Հունիսի 12-ին Ազգային ժողովի մոտ՝ Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
բողոքի ակցիային առնչվող վարույթով Քննչական կոմիտեն 16 քաղաքացու նկատմամբ քրեական հետապնդում է հարուցել, հայտնել են ՔԿ-ից։
«Առերևույթ զանգվածային անկարգությունների և խուլիգանության վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։ Հավաքի մի խումբ մասնակիցներ չեն ենթարկվել ոստիկանության օրինական պահանջներին։ Մարդկանց անդորրը խախտելով, ոստիկանության ծառայողների հասցեին հայհոյանքներ ու անպարկեշտ արտահայտություններ հնչեցնելով՝ նրանց ուղղությամբ քարեր, փայտեր, շշեր ու ծխագլանակներ էին նետել, կոտրել կից գտնվող այգու մետաղական ճաղավանդակները»,- մանրամասնել են ՔԿ-ում։
ՔԿ-ից հայտնել են նաև հիշյալ մասնակիցներին մեղադրանքներ առաջադրելու մտադրության մասին։
«Ձեռք բերված փաստերի հիման վրա վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություններ են ներկայացվել հսկող դատախազին՝ նշված մասնակիցներից 15-ի նկատմամբ՝ խմբի կազմում խուլիգանություն կատարելու, իսկ 1-ի նկատմամբ՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու համար հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։ Նրանց ներկայացվել են համապատասխան մեղադրանքներ։ Հիշյալ մեղադրյալներից 8-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, 5-ի նկատմամբ՝ տնային կալանքը, 2-ի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք, իսկ 1–ի նկատմամբ՝ վարչական հսկողություն»,- հավելել են ՔԿ-ից։
ՔԿ-ից տեղեկացրել են, որ ԱԺ-ի մոտ տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում ոստիկանության ծառայողների գործողությունների համաչափության և իրավաչափության առնչությամբ ՔԿ-ում նախաձեռնվել է առանձին քրեական վարույթ, ձևավորվել է քննչական խումբ։ Նախաքննության շրջանակներում մի շարք անձինք, այդ թվում՝ 8 լրագրող, ճանաչվել են տուժող։