ԱՄՆ և Կանադայի վիզա տրամադրելու պատրվակով Իրանի քաղաքացին Հայաստանում 70 անձից հափշտակել է շուրջ 113 մլն դրամ, հայտնում է Քննչական կոմիտեն՝ ներկայացնելով դեպքի մանրամասները։
Նշվում է, որ Իրանի քաղաքացին, ով Կանադայի վիզա տրամադրելու պատրվակով անձանցից գումարներ հափշտակելու համար Իրանի Իսլամական Հանրապետության իրավասու մարմինների կողմից գտնվում էր հետախուզման մեջ, 2019 թվականի նոյեմբերի 16-ին ժամանել է Հայաստան։ Նպատակադրվելով նույն եղանակով Հայաստանում հափշտակություն կատարել՝ միգրացիոն խորհրդատվություն և տուրիստական, ճանապարհորդական ծառայություններ մատուցելու պատրվակով հիմնադրել է «Ամերիկան Հոմ Էդուքեյշն Քոլեջ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը։
2021թ․ գարնանն ընկերությունում աշխատանքի է ընդունել մի քաղաքացու, ում հանձնարարել է հիշյալ ընկերության մտացածին գործունեության վերաբերյալ «Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական կայքերում վճարովի գովազդներ տեղադրել։ Արդյունքում` 2021թ․ մայիսի 10-ից մինչև 2022թ․ ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում հիշյալ գրասենյակ է այցելել ՀՀ քաղաքացի 70 անձ։
«ԻԻՀ քաղաքացին, ներկայանալով իբրև Մեծ Բրիտանիայի Թագավորությունում մեծ համբավ ունեցող, միգրացիոն փաստաբան-խորհրդատու Սոհրաբ Սադեղի անվամբ, իբրև թե ԱՄՆ դեսպանատան աշխատակից, ԱՄՆ և Կանադայի դեսպանատների հետ համագործակցող անձ՝ ԱՄՆ և Կանադա մեկնելու համար վիզաներ ձևակերպելու կեղծ պատրվակով հիշյալ քաղաքացիներից խարդախության եղանակով ստացել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 112.392.966 ՀՀ դրամ գումարի տարբեր արժույթներ և հափշտակել»,- հայտնում է ՔԿ-ն:
Ըստ գերատեսչության՝ ԻԻՀ քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (Խոշոր չափով խարդախություն, պատժվում է ազատազրկմամբ՝ 4-8 տարի ժամկետով)։ Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։