Մայիսի 9-ին Հանրապետության հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության կողմից անցկացված հանրահավաքի ընթացքում «Կամազ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի վարորդի կողմից առերևույթ խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է, տեղեկացնում է Քննչական կոմիտեն:
Բեռնատարի վարորդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն` հասարակության նկատմամբ անհարգալից կամ իրավական կամ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ 80-150 ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով)։
Ըստ գերատեսչության՝ նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Մայիսի 9-ին Armenia Today-ի թղթակիցը հայտնել էր, որ Հանրապետության հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման բողոքի ակցիայի ժամանակ բեռնատարի վարորդը մեքենան վարել էր ցուցարարների ուղղությամբ։ Ցուցարարները շրջապատել էին մեքենան, ապա ոստիկանները վարորդին դուրս էին բերել բեռնատարից, նստեցրել ոստիկանական մեքենան ու հեռացել: Ցուցարարները ոստիկաններին մեղադրել էին անգործության մեջ։
Armenia Today-ի աղբյուրները մանրամասներ էին հայտնել վարորդի մասին։ Ըստ աղբյուրի՝ ավտոմեքենայի վարորդն Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ է։ 2018 թվականի գարնանը նա բեռնատարով մասնակցել էր այն բողոքի ակցիաներին, որոնք հանգեցրել էին Հայաստանում իշխանափոխության։