Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը Aysor․am-ին հերքել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման տարածած տեղեկությունը, ըստ որի՝ «Ադրբեջանի կողմից ստացված խաղաղության պայմանագրի 10-րդ փաթեթում Ալիևի վարչակազմը պահանջում է, որպեսզի Հայաստանը հրաժարվի միջազգային տարբեր ատյաններում Ադրբեջանի դեմ ներկայացված բոլոր հայցերից»։
Ըստ շարժման՝ «կառավարությունը տրամադրված է ընդունել պահանջը, իսկ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը պնդում է, որ հետ չի կանչի իր կողմից պատրաստված հայցերը և պատրաստվում է հրաժարական տալ»։
Անդրադառնալով միջազգային տարբեր ատյաններում Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերից հրաժարվելու պահանջին՝ նրանք նշել են, որ «այս պահին նման որոշում չկա»։
«Այն տեղեկատվությունը, որ տարածվել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդների կողմից առանց վստահելի աղբյուրի հղման, չի համապատասխանում իրականությանը: Նման որոշում այս պահին չկա, որևէ գործընթաց այս առումով չի իրականացվում: Գրասենյակը շարունակում է իրականացնել իր գործառույթները՝ շարունակելով ներկայացնել Հայաստանի Հանրապետության շահերը միջազգային իրավական ատյաններում»,- Aysor.am-ին ասել է գրասենյակի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը։
Մեկնաբանելով Կիրակոսյանի հնարավոր հրաժարականի լուրը՝ խոսնակը նշել է, որ Կիրակոսյանն այս պահին գտնվում է «իրեն հասանելիք արձակուրդում»։
Armenia Today-ը հարցում է ուղարկել ԱԳՆ՝ խնդրելով պատասխանել հարցին՝ Ադրբեջանի կողմից խաղաղության պայմանագրի առաջարկների 10-րդ փաթեթում Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերից հրաժարվելու պահանջ կա՞, թե՞ ոչ և ի՞նչ դիրքորոշում ունի ԱԳՆ-ն՝ Ադրբեջանի նման հնարավոր պահանջները բավարարելու առնչությամբ։
«Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչն արդեն անդրադարձել է հարցին»,- ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանն այսպես է պատասխանել մեր հարցադրումներին։