ՀՀ ԶՈւ 43-ամյա պայմանագրային զինծառայող կրտսեր սերժանտը լրտեսության, պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հանձնելու և թշնամական գործունեություն իրականացնելու համար օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչին օգնելու եղանակով պետական դավաճանություն է կատարել, հայտնել է ՔԿ-ն։
Ըստ հաղորդագրության՝ նա «odnoklassniki.ru»-ի իր օգտահաշվով 2023թ․ հունվար ամսից կապ է հաստատել ադրբեջանական հատուկ ծառայությունների ներկայացուցիչ քողարկված անձի հետ։ Ծավալված սիրային զրույցների արդյունքում վերջինս մտերիմ հարաբերություններ է հաստատել ՀՀ ԶՈւ նշված պայմանագրային զինծառայողի հետ և հավաքագրել վերջինիս։
Տղամարդը, սեռական շահագրգռվածությունից ելնելով, հաղորդակցի հետ ձևավորված շփումը շարունակելու համար, մինչև 2024թ․ փետրվար ընկած ժամանակահատվածում հավաքել ու հանձնել է իրենց ստորաբաժանման պահպանության ներքո գտնվող մարտական դիրքի սպառազինության, զինատեսակների քանակի և տեսակի, մարտական դիրքերի տեղակայման վայրերի, հրամանատարական կազմի անհատական տվյալների, մարտական դիրքերի մի շարք փաստաթղթերի վերաբերյալ պետական, ծառայողական գաղտնիք կազմող տվյալներ։
Տղամարդու նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով (պետական դավաճանություն, պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև 20 տարի ժամկետով) հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Նա հուլիսի 2-ին ձերբակալվել է, տվել ինքնախոստովանական ցուցմունք, ապա կալնավորվել։