Քննիչները խուզարկություններ են կատարել Երևանի Արաբկիր վարչական շրջանի վարչական շենքում, կան ձերբակալվածներ, Armenia Today-ին ասաց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։ Այլ մանրամասներ նա չհրապարակեց՝ պարզաբանելով, որ հետաքննության շահերից ելնելով լրացուցիչ տեղեկություն չի հաղորդվում։
Աբրահամյանը չհաստատեց և չհերքեց News.am-ի տեղեկությունն այն մասին, թե ձերբակալվածները Արաբկիրի թաղապետ Արամ Ազատյանն է, նրա տեղակալ Դավիթ Բալասանյանը և ևս մեկ տասնյակ աշխատակից։
«Անձանց մասին տեղեկություն հաղորդել չեմ կարող։ Հաստատում եմ միայն, որ կան ձերբակալված անձինք»,- ասաց Աբրահամյանը։
Ավելի ուշ «Ազատություն» ռադիոկայանը հայտնեց, որ քննիչները բերման են ենթարկել նաև թաղապետարանի մոտ տասը աշխատակցի։