Հայաստանում կալանավորվել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Թագավորության իրավապահների կողմից հետախուզվող 44-ամյա Էյմի Բ.-ն, հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը:
Նա հետախուզվում էր սպանություն կատարելու շուրջ նախնական համաձայնության և ապօրինի կերպով հրազեն պահելու մեղադրանքով: Էյմի Բ.-ին իրավապահները հայտնաբերել են Պռոշյան գյուղի Վանահովիտ թաղամասում։
Ըստ գերատեսչության՝ հայտնաբերման մասին տեղեկությունը փոխանցվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:
BBC-ն հայտնում է, որ վերջինս Էյմի Բետրոն է, որը 2019 թվականի սեպտեմբերին Բիրմինգհեմի իր տան մոտ մահափորձ է կատարել բրիտանացի գործարարի դեմ։
«Մուհամեդ Ասլամը և Մոհամմեդ Նազիրը, երկուսն էլ Դերբից, վերջերս մեղավոր են ճանաչվել սպանության դավադրության մեջ: Ենթադրվում է, որ հրաձգությունն իրականացնելու համար նրանք վարձել են Բետրոյին, ով ծնունդով ԱՄՆ Վիսկոնսին նահանգից է»,- նշել է BBC-ն։
Բետրոն մահափորձի օրը որպես քողարկման միջոց հիջաբ է կրել, սակայն նրա ատրճանակը դեպքի վայրում խցանվել է, մանրամասնել է աղբյուրը: