59-ամյա կինը ՀՀ-ում հավաքագրած և ԱՄԷ տեղափոխած քաղաքացիներին ենթարկել է թրաֆիքինգի ՀՀ, հայտնում է Քննչական կոմիտեն՝ ներկայացնելով դեպքի մանրամասները։
Գերատեսչության տվյալներով՝ Արաբական Միացյալ Էմիրություններում ժամանակավորապես բնակվող կինը, սեռական շահագործման նպատակով, իր ծանոթների միջոցով, խարդախությամբ, ՀՀ-ում հավաքագրել և ԱՄԷ է փոխադրել ՀՀ քաղաքացիների և նրանց ներգրավել պոռնկության մեջ։
«Պարզվել է հանցավոր գործունեություն ծավալած հիշյալ անձի ինքնությունը, որը ՀՀ-ում հաշվառում չունեցող, ԱՄԷ-ում բնակվող 1965թ. ծնված Ռ.Հ.-ն է: Նա ՀՀ քաղաքացիներին օտար երկրում սեռական շահագործման ենթարկելու նպատակով գործել է խումբ: Քննությամբ պարզվել է խմբի երեք ղեկավարի ինքնությունը: Խմբի գործողությունները համակարգվել են Ռ.Հ.-ի, ինչպես նաև՝ Ն.Խ.-ի և Ա.Մ.-ի կողմից»,- հայտնում է կոմիտեն:
Մասնավորապես, Ռ.Հ.-ն 2006-2007թթ. աշխատանքով ապահովելու կեղծ խոստումով ԱՄԷ-ի Դուբայ քաղաք է փոխադրել ՀՀ տարբեր մարզերի 5 բնակչուհու: Նրանցից վերցրել և իր մոտ է պահել անձնագրերը, ապա նշված կանանց ներգրավել է պոռնկության մեջ, ենթարկել սեռական շահագործման և տիրացել վերջիններիս կողմից մարմնավաճառությամբ վաստակած գումարներին։
2009թ. հունիսին Ռ.Հ.-ի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Նույն թվականի հոկտեմբերին քրեական գործի վարույթը կասեցվել է։ Շուրջ 14 տարի անց կասեցված վարույթը վերսկսվել է: 2024թ. հունիսի 8-ին Ռ.Հ.-ն հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:
Նրան մեղադրանք է ներկայացվել, խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան: Քննչական կոմիտեն հայտնում է, որ խմբի մյուս անդամների մասով նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում նրանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: