Սյունիքի մարզի Շինուհայր բնակավայրում ընտանիքի 7 անդամների ինքնազգացողությունը կտրուկ վատացել է Շինուհայր բնակավայրի և Գորիս քաղաքի խանութներից գնված և ընթրիքի համար պատրաստված մսեղենն ու երշիկեղենն ուտելուց հետո, հայտնում է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Ըստ ՔԿ խոսնակի՝ ընտանիքի անդամների ինքնազգացողությունը վատացել է հուլիսի 5-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, ընտանիքի բոլոր անդամներով ընթրելուց հետ: Նշվում է, որ երեխաները նաև մրգեր ու հատապտուղներ են կերել:
«Գորիսի բժշկական կենտրոն»-ից հայտնել են, որ «սուր էգզոգեն թունավորում» ախտորոշմամբ, ժամը 22.00-ից մինչև հուլիսի 7-ի ժամը 05:00-ն ընկած ժամանակահատվածում, շտապօգնության մեքենայով Տաթև համայնքի Շինուհայր բնակավայրից իրենց մոտ է տեղափոխվել 7 անձ․ 34 և 31 տարեկան ամուսիններ և մի քանի ամսականից մինչև 12 տարեկան 5 երեխա։ Երեխաներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր էր, 4 տարեկան երեխան հիվանդանոցում մահացել է։
ՔԿ-ն ՀՀ քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառությունը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, առողջությանը ծանր վնասի պատճառում կամ այլ ծանր հետևանք, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը վեց տարի ժամկետով) նախաձեռնվել է քրեական վարույթ:
Աբրահամյանը նաև հայտնել է, որ կատարվել են դեպքի վայրի և համապատասխան խանութ սրահների զնություններ, փորձաքննության համար ստացվել են սննդի, ջրի և այլ անհրաժեշտ նմուշներ: Նշանակվել է դատասննդային փոձաքննություն, դատաբժշկական և դիակի դատաբժշկական փորձաքննություններ։
Ծնողները դուրս են գրվել հիվանդանոցից, 4 երեխաները դեռևս շարունակում են մնալ բուժհաստատությունում։
Հուլիսի 6-ին Առողջապահության նախարարությունից Armenia Today-ին հայտնել էին, որ Բժշկական կենտրոն դիմած 7 հոգանոց ընտանիքի երեխաներից մեկը մահացել է, 9 տարեկան երեխայի առողջական վիճակում դրական դինամիկա կա։
ԶԼՄ-ները հայտնել էին, որ հուլիսի 5-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում «Գորիս» բժշկական կենտրոն էին տեղափոխվել Սյունիքի մարզի բնակիչներ 9-ամյա Մարիաննա Խ.-ն, 4-ամյա Լուիզա Խ.-ն՝ «սուր էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ, իսկ հուլիսի 6-ին՝ նույն ախտորոշմամբ, հիվանդանոց էին տեղափոխվել նաև 11-ամյա էլեն Խ.-ն, 31-ամյա Անի Խ.-ն, 6-ամյա Ռամելա Խ.-ն, նորածին Անի Խ.-ն և 34-ամյա Գրիգոր Խ.-ն: