Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վարդգես Սարգսյանի նախագահությամբ, այսօր՝ հուլիսի 9-ին, հրապարակել է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի գործով դատավճիռը։ Գասպարյանը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել 6 տարվա ազատազրկման, սակայն վաղեմության ժամկետը լրանալու հիմքով նրա նկատմամբ կիրառվել է համաներում։
Դատախազությունից Armenia Today-ին հայտնեցին, որ գերատեսչությունը բողոքարկելու է Գասպարյանի որոշումը։
Երանոսյանին դատարանը մեղավոր է ճանաչել, սակայն ազատազրկումը չի կիրառել 2018թ․ համաներման ու վաղեմության հետ կապված։
Գասպարյանը լրագրողներին հայտնել է, որ բողոքարկելու է դատարանի վճիռը։ «Մենք կգնանք արդարացման ճանապարհով։ Իմ նկատմամբ քաղաքական հետապնդում չի եղել, բայց մի քանի արկածախնդիրներ իրենց ղեկավարներին դուր գալու համար փորձել են ճարպկություն անել»,- ասել է նա։
Երանոսյանը լրագրողներին նույնպես ասել է, որ բողոքարկելու է վճիռը։ «Դա վճիռ չէր, որ կայացվեց»,- ասել է նա։
2023 թվականի հուլիսին Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ Գասպարյանն օրինականացրել (լվացել) է հանցավոր ճանապարհով ստացված ընդհանուր՝ շուրջ 2 մլրդ դրամի գույք։
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող բազմադրվագ քրեական գործով կատարված նախաքննության ընթացքում բացահայտվել էին Գասպարյանի և Լևոն Երանոսյանի կողմից կատարված պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնեական կեղծիքի և պետական միջոցներից առանձնապես խոշոր չափերի հափշտակության դեպքեր, որոնց հետևանքով պետությանը պատճառվել էր շուրջ 114 մլն դրամի վնաս: