ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարել է զորակոչիկներին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու կամ զորակոչը հետաձգելու համար 50.000 դոլար կաշառք ստանալու քրեական գործի նախաքննությունն ավարտելու մասին։ Գործում ներգրավված են ՊՆ-ի 9 աշխատակից, որոնք կաշառքի դիմաց 4 ժամկետային զինծառայողի ազատել էին զինծառայությունից։
Կոմիտեից նշել են, որ ձերբակալվել է ՊՆ չորս պաշտոնյա։ Գործի նյութերի համաձայն՝ խոշոր և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար ՊՆ տարածքային ստորաբաժանման զորակոչի բաժնի պետ Ա. Վ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով /երկու դրվագ/, 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով, 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (կաշառք ստանալը, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 12 տարի ժամկետով):
«Կաշառք ստանալու, տալու և կաշառք տալուն օժանդակելու համար նախաքննության ընթացքում մեղադրանքներ է ներկայացվել ևս 8 անձի, այդ թվում՝ տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ Ա. Հ.-ին և Ս. Հ.-ին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Կոմիտեից հավելել են, որ գործի նյութերը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան։