«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հունիսի 12-ի հավաքի ժամանակ տեղի ունեցած բախումներից հետո կալանավորված Երվանդ Աղաբալյանի նկատմամբ դատարանը նշանակել է տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով, հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը։
Նրա խոսքով՝ Աղաբալյանը, ըստ նախաքննական մարմնի, ականատես լինելով ցուցարարներից մեկի ձեռքը պատռվելու տեսարանին՝ «համարձակվել է պլաստմասե դատարկ շիշ նետել ոստիկանների ուղղությամբ»։
Երիցյանը հավելել է, որ դատարանն իրավական ու փաստական հիմքերի բացակայության պայմաններում որոշել է 1 և 3 տարեկան երեխաների հոր, թոշակառու ու հիվանդ ծնողների որդու և բռնի տեղահանված ընտանիքի միակ կերակրողի նկատմամբ նշանակել տնային կալանք՝ զրկելով նրան ընտանիքը կերակրելու հնարավորությունից։
«Դատավորն ու քննիչը պաշտոնապես ենթադրում են, որ Հայաստանում անհնազանդության ակցիաները հնարավոր է շարունակվեն, իսկ Երվանդն էլ, մասնակցելով դրանց, կատարի նոր հանցանք»,- նշել է փաստաբանը։
Աղաբալյանը կալանավորվել էր հունիսի 16-ին՝ խուլիգանության մեղադրանքով։ Փաստաբանը հայտնել էր, որ ըստ նախաքննական մարմնի կողմից դատարան ներկայացված տեսագրության՝ ինչ-որ երիտասարդ, որի դեմքը չի երևում, ականատես լինելով քաղաքացու ձեռքը (դաստակը)՝ լուսաձայնային նռնակը պայթելու հետևանքով պոկվելու տեսարանին, զայրացած վիճակում գետնից վերցրել է դատարկ պլաստմասե շիշը և նետել առաջ։
Ոստիկանը ցուցմունք է տվել, որ այդ երիտասարդը հենց Երվանդն է։
Հունիսի 12-ին ԱԺ շենքի մոտ տեղի ունեցած հավաքն ավարտվել էր բախումներով։ Ոստիկանությունը հատուկ միջոցներ էր կիրառել, ինչի հետևանքով վիրավորներ կային ինչպես քաղաքացիների, այնպես էլ ոստիկանների շրջանում։ Քննչական կոմիտեն բախումների առթիվ քրեական վարույթ էր նախաձեռնել։