Դատարանի որոշմամբ՝ զորամասի տարածք ապօրինի մուտք գործելու, զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու և զինծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով կալանավորվել է Սիսիանի 3 քաղաքացի, հայտնել է Քննչական կոմիտեն։
Ըստ գերատեսչության՝ նրանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 468-րդ հոդվածի 2-րդ մասով (Զորամաս կամ հատուկ պահպանվող զինվորական այլ տարածք ապօրինի մուտք գործելը մի խումբ անձանց կողմից, պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով), 195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով (Ֆիզիկական ներգործությունը՝ կապված այդ անձի կողմից իր պետական, քաղաքական, ծառայողական, մասնագիտական կամ հասարակական գործունեության կամ պարտքի կատարման հետ, մի խումբ անձանց կողմից, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով) ու 297-րդ հոդվածի 3-րդ մասով (Խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով` պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև 8 տարի ժամկետով)։
Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 7-ին։ Ըստ ՔԿ-ի՝ ժամը 21:30-ի սահմաններում մի խումբ քաղաքացիներ ապօրինի մուտք են գործել ՀՀ ՊՆ N զորամասի տարածք՝ զորամասում ծառայող իրենց մտերիմ ժամկետային զինծառայողին վերաբերող ծառայողական բնույթի հարցի պարզաբանման նպատակով։ Նրանք անտեսել են վերակարգի արգելքը՝ հակառակ հսկիչ-անցագրային կետի հերթապահի և գնդի հերթապահի պահանջներին։
Այնուհետև, ՔԿ-ի տվյալներով, զորամասի հերթապահի պահանջով զորամասի տարածքից դուրս գալուց հետո, անմիջապես դարպասների դիմաց, նույն հարցի կապակցությամբ նրանք վիճաբանել են իրենց ծառայողական գործունեությունը կատարող զորամասի գումարտակի սպայի և պայմանագրային մեկ զինծառայողի հետ, հարվածներ են հասցրել հիշյալ զինծառայողներին՝ վերջիններիս պատճառելով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Միաժամանակ՝ մեղադրյալներից մեկը գազային ատրճանակով կրակոց է արձակել դեպի օդ, պարզել է քննությունը։