Ստեփանակերտի բնակիչ Ս․Գ․-ն (Սարգիս Գալստյան-խմբ.) 2020թ․ լրտեսություն է կատարել Ադրբեջանի հատուկ ծառայությունների հանձնարարությամբ. դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է, հայտնում են Քննչական կոմիտեից։
Ըստ գերատեսչության՝ Գալստյանը 2018-2023թթ. Արցախում զբաղեցնելով տարբեր պետական պաշտոններ, 2020 թվականի նոյեմբերին կապ է հաստատել օտարերկրյա պետության հատուկ ծառայությունների աշխատակցի հետ (Ադրբեջան-խմբ․), հավաքագրել և ստացել է «Սարխան» ծածկանունը։
«2020-2023 թվականների ընթացքում հավաքել և ՀՀ ինքնիշխանությանը, տարածքային անձեռնմխելիությանը և արտաքին անվտանգությանն ի վնաս օգտագործելու համար Ադրբեջանի հատուկ ծառայության աշխատակցին է հանձնել Արցախի հարցի վերաբերյալ ՀՀ և Արցախի իշխանության ներկայացուցիչների դիրքորոշումները»,- հայտնել են Կոմիտեից։
2023 թվականի սեպտեմբերին Արցախից հայ ազգաբնակչության հեռանալուց հետո Ս. Գ.-ն, օտարերկրյա հետախուզության ծառայության աշխատակցի կողմից ստանալով Ստեփանակերտում աշխատելու պաշտոնի առաջարկ, պաշտոն զբաղեցնելու շահագրգռվածությամբ կնոջ հետ միասին մնացել է Ստեփանակերտում։
ՀՀ տեղափոխվելուց անմիջապես հետո վերջինս ձերբակալվել է։ Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Ս.Գ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 424-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։