Հուլիսի 11-ին Երևանի Պռոշյան փողոցի հասցեներից մեկում հայտնաբերվել և ձերբակալվել է սպանության փորձի համար հետախուզվող երկու քաղաքացի, հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Ոստիկանության Շենգավիթի բաժին է տեղափոխվել 35 և 31 տարեկան երկու տղամարդ։ Նրանք ապրիլի 26-ից սպանության փորձի և ապօրինի զենք պահելու ու կրելու մեղադրանքով հետախուզվում էին»,- ասվում է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։
Նրանց հետ գտնվող ևս 6 անձ ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության բաժին։ Անձնական խուզարկությամբ 35-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է «Մակարով» տիպի մարտական ատրճանակ՝ լիցքավորված 7 մարտական փամփուշտով, 45-ամյա տղամարու մոտ՝ ծալովի դանակ, իսկ 30-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրանյութ։
Ձերբակալվածները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին։