ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող և դասալքության մեջ մեղադրվող քաղաքացուն ձերբակալել են «Զվարթնոց» օդանավակայանում, հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։ Նա ձերբակալվել է հուլիսի 15-ին՝ ժամը 1-ին, Ակտաու-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո։
Ըստ ՆԳՆ-ի՝ 25-ամյա Իվան Չ.-ն 2023 թ. ապրիլի 4-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր Նիժեգորոդսկի մարզի ՌԴ քրեական օրենսգրքի 337-րդ հոդվածի 5-րդ մասի մեղադրանքով (զորամասը կամ ծառայության վայրը չարտոնված լքելը կամ առանց հիմնավոր պատճառաբանությամբ մեկ ամսից ավելի ծառայության չներկայանալը, որը կատարվել է զորահավաքի ընթացքում)։
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը: Նշվում է, որ հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը: