ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող և դասալքության մեջ մեղադրվող 25-ամյա քաղաքացի Իվան Չ.-ն, որին ՀՀ իրավապահները հուլիսի 15-ին ձերբակալել էին «Զվարթնոց» օդանավակայանում, հուլիսի 16-ին դատախազի որոշմամբ ազատ է արձակվել, Armenia Today-ին հայտնել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը։
Վերջինս հավելել է, որ իրենց գրասենյակն ստանձնել է քաղաքացու պաշտպանությունը, բայց մինչ փաստաբանը հասել է բաժին, նա արդեն ազատ արձակված է եղել։
«Դեռ չենք կարողացել հանդիպել իրեն, քանի որ մինչև փաստաբանը գնացել է ոստիկանական բաժին, իրեն արդեն ազատել են։ Մենք տեղեկացել էինք իր ձերբակալության մասին, որից հետո սկսեցինք գործում ներգրավվելու գործողություներ իրականացնել՝ հայտնելով, որ մենք ուզում ենք ստանձնել իր պաշտպանությունը, քանի որ նա այստեղ ոչ մի հարազատ չունի։ Պետք է ընթացակարգային փաստաթղթերը կազմելու համար թարգմանիչ տրամադրեին, բայց մինչ այդ գործողությունները, հսկող դատախազի որոշմամբ՝ նա ազատ է արձակվել։ Ցավոք, հետո իր հետ չենք կարողացել հանդիպել, բայց հիմա փորձում ենք գտնել և կապ հաստատել՝ հետագա գործընթացների համար»,- եզրափակել է իրավապաշտպանը։
Իվան Չ.-ի ձերբակալության մասին ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը հայտնել էր հուլիսի 15-ին։ Նրան ձերբակալվել էին Ակտաու-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո։ Ըստ ՆԳՆ-ի՝ 25-ամյա Իվան Չ.-ն 2023թ. ապրիլի 4-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր Նիժեգորոդսկի մարզի ՌԴ քրեական օրենսգրքի 337-րդ հոդվածի 5-րդ մասի մեղադրանքով (զորամասը կամ ծառայության վայրը չարտոնված լքելը կամ առանց հիմնավոր պատճառաբանությամբ մեկ ամսից ավելի ծառայության չներկայանալը, որը կատարվել է զորահավաքի ընթացքում)։