Երևանի 25-ամյա բնակիչը փորձել է սպանել 27-ամյա համաքաղաքացուն, հայտնում է Քննչական կոմիտեն՝ ներկայացնելով դեպքի մանրամասները։
Մասնավերապես, դեպքը տեղի է ունեցել հուլիսի 9-ին։ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունն օպերատիվ տվյալներ է ստացել այն մասին, որ Երևանի Էրեբունի փողոցի շենքերից մեկի մոտ կրակոցներ են արձակում և կա վիրավոր։
Նույն օրը ՝ ժամը 19։05-ին, հաղորդում է ստացվել այն մասին, որ «ձախ սրունքի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ «Էրեբունի» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել Երևան քաղաքի 27-ամյա բնակիչը, ում առողջական վիճակը գնահատվում է բավարար։
«Ձեռնարկված օպերատիվ–հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ կրակոցներ արձակած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1998թ.։ Վերջինս նույն օրը հայտնաբերել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղ նրա գոտկատեղից ընկել է «SPORTSMAN CAL .25» գրառմամբ ատրճանակ»,- հայտնում է ՔԿ-ն։
Իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ հուլիսի 9-ին` ժամը 18։30-ի սահմաններում, 25-ամյա երիտասարդը վիճաբանել է 27-ամյա համաքաղաքացու հետ, որի ընթացքում իր մոտ եղած ատրճանակով կրակոցներ է արձակել վերջինիս ուղղությամբ՝ պատճառելով մարմնական վնասվածք։ 25-ամյա երիտասարդը կալանավորվել է։