Ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է անցկացրել Արմավիրի, Կոտայքի, Արարատի և Արագածոտնի մարզերում, հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Գերատեսչության տվյալներով՝ հուլիսի 16-ի երեկոյան անցկացված ծառայության ընթացքում ոստիկանները հայտնաբերել են թմրանյութեր, ապօրինի պահվող զինամթերք, կազմվել են երթևեկության կանոնների խախտումների արձանագրություններ։
Արմավիրի մարզում արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման երեք և օդաճնշիչ ատրճանակի հայտնաբերման մեկ դեպք: Կոտայքի մարզում արձանագրվել է թմրանյութի հայտնաբերման հինգ դեպք, առգրավվել է մոտ 45 գրամ մարիխուանայի նմանվող զանգված: Արարատի մարզում կազմվել է ճանապարհային երթևեկության կանոնների խախտման 18 արձանագրություն:
Արագածոտնի մարզում կազմվել է ճանապարհային երթևեկության կանոնների խախտման 13 արձանագրություն: Արձանագրվել է թմրանյութի հայտնաբերման մեկ դեպք, կազմվել է ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու վերաբերյալ մեկ արձանագրություն: Ոստիկանությունը հավելել է, որ միջոցառումները կրում են պարբերական բնույթ:
Armenia Today-ը հուլիսի 15-ին հայտնել էր, որ Երևանի Դավթաշենի Տիգրան Պետրոսյան-Փիրումյան փողոցների խաչմերուկում իրավապահները, այդ թվում՝ ոստիկանության հատուկջոկատայինները, մեքենաներ են կանգնեցնում և ստուգում։
Հուլիսի 12-ին ոստիկանությունն ուժեղացված ծառայություն էր իրականացրել Երևանի կենտրոնում։ Armenia Today-ը տեսանյութ էր հրապարակել՝ Երևանում ուժայինների կողմից երկու քաղաքացու բերման ենթարկելու կադրերով։