Հուլիսի 17-ին Սևանի «Best Western Bohemian Resort» հյուրանոցային համալիրում 1 մարդու կյանք խլած կրակոցների դեպքի առթիվ ձերբակալվել են Գեղարքունիքի մարզի 19-ամյա և Տավուշի մարզի 40-ամյա բնակիչներ, հայտնում են Քննչական կոմիտեից։
ՔԿ-ն տեղեկացրել է, որ «Սևան ԲԿ» ՓԲ ընկերությունից ահազանգել են, որ հրազենային վնասվածքով, ներքին արյունահոսությամբ, իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Գեղարքունիքի մարզի 37 և 56-ամյա, ինչպես նաև Կոտայքի մարզի 41-ամյա բնակիչները։
«Հիշյալ անձանց հրազենային վնասվածք պատճառելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին հարակից հյուրանոցային համալիրի բակից ձերբակալվել և ոստիկանության բաժին են տեղափոխվել Գեղարքունիքի մարզի 19-ամյա և Տավուշի մարզի 40-ամյա բնակիչներ։ Դեպքի առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 12-րդ կետերով (սպանության հանցափորձ՝ այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով, խուլիգանական դրդումներով, առավելագույն պատիժը՝ ցմահ ազատազրկում), 297-րդ հոդվածի 3-րդ մասով (զենքի միջոցով խուլիգանություն, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 8 տարի ժամկետով), 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառություն, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 5 տարի ժամկետով)»,- հավելել են ՔԿ-ից։
ՔԿ-ն պարզել է, որ 19-ամյա երիտասարդը և 40-ամյա տղամարդը մի խումբ անձանց հետ հանգստի նպատակով այցելել են հյուրանոցային համալիր, որտեղ վիճաբանել են նշված վայր հաճախած՝ Սևան քաղաքի 37 բնակիչ, Աբովյան քաղաքի 42-ամյա բնակիչ տղամարդկանց և Երևան քաղաքի 36-ամյա բնակիչ կնոջ հետ։
«Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում հնչել են անկանոն կրակոցներ, ինչի հետևանքով Սևանի 37-ամյա, Աբովյանի 41-ամյա բնակիչները, ինչպես նաև նշված հյուրանոցային համալիրի անվտանգության 56-ամյա աշխատակիցն ստացել են հրազենային մարմնական վնասվածքներ։ 37-ամյա բնակիչը որովայնի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից գիտակցության չգալով՝ մահացել է»,- եզրափակել են ՔԿ-ում։
Shamshyan.com-ն ավելի վաղ գրել էր, որ հուլիսի 17-ին Սևանի վարչական տարածքում գործող «Best Western Bohemian Resort» հանգստյան գոտում կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով կան վրավորներ և մեկ զոհ։ 37-ամյա մահացածը, կայքի տեղեկություններով, Սևանում հայտնի ատամնաբույժ Արսեն Աֆիյանն է։