Ավարտվել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը, հայտնել են Քննչական կոմիտեից։
«Մասնավորապես, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը, 2021թ. հոկտեմբերի 12-ից մինչև դեկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում, հանդիսանալով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամ, պահվող կալանավորների և դատապարտյալների նկատմամբ իրականացրել է վերահսկողություն»,- ասված է հաղորդագրությունում։
Ըստ ՔԿ-ի՝ նույն քրեակատարողական հիմնարկում պահվող Ս․Բ․-ի խնդրանքով վերջինս կարգավորել, կազմակերպել, թույլատրել և վերաբաշխել է ապօրինի ճանապարհով քրեակատարողական հիմնարկ ներկրած տարբեր արգելված միջոցների, մասնավորապես՝ բջջային հեռախոսների, տարբեր անձանց անվամբ բերված հանձնունքների տրամադրումը, կազմակերպել և վերահսկել է այսպես կոչված «օբշակի»՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման միջոցով ստացված անօրինական օգուտը կազմող գումարների հավաքագրումը, այդ գումարների հավաքագրման գործընթացի վերաբերյալ, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամի միջոցով, իրականացրել է ճշգրտումներ։
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը դատապարտյալներին և կալանավորներին, այդ թվում Ս․Բ․-ին, տվել է հրահանգներ՝ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների հետ չհամագործակցելու, տեղեկություն չփոխանցելու մասին, զգուշացրել որևէ կալանավորի կամ դատապարտյալի կողմից աշխատակիցներին տեղեկություն հայտնելու դեպքում «պատժելու» մասին, հավելել են ՔԿ-ից։
Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամ Ս․Բ․-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (քրեակատարողական հիմնարկում պահվող անձի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելը կամ ներգրավելը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 12 տարով)։ Նրա վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, նախաքննությունն ավարտվել է, և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։