Կոտայքի բաժնի հերթապահ մաս բերված օտարերկրյա քաղաքացին ինքնասպանություն գործելու նպատակով վերցրել է հերթապահ մասի սեղանի տակ գտնվող «AKM» տեսակի ինքնաձիգը և բերել մարտական վիճակի, հայտնել է ՔԿ-ն։
Գերատեսչության տվյալներով՝ հուլիսի 19-ին՝ ժամը 23:36-ին, հաղորդում է ստացվել, որ Աբովյան քաղաքում օտարերկրացին խնդրել է զանգահարել 1-02 և ասել, որ ոստիկան մոտենա: Ահազանգով մեկնած ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցն ահազանգի վերաբերյալ պարզաբանումներ իրականացնելու նպատակով քաղաքացուն կանչել է Կոտայքի բաժին։ Գտնվելով ոստիկանության բաժնի հերթապահ մասում և օգտվելով հերթապահի օգնականի զբաղվածությունից ու անուշադրությունից՝ վերջինս, նախնական տվյալներով, ինքնասպանություն գործելու նպատակով վերցրել է հերթապահ մասի սեղանի տակ գտնվող «AKM» տեսակի ինքնաձիգը և այն բերել մարտական վիճակի։
Ըստ հաղորդագրության՝ ոստիկանության 2 աշխատակից փորձել է ինքնաձիգը վերցնել, սակայն այդ ընթացքում անձը կրակահերթ է արձակել, այնուհետև փողը մոտեցնելով իրեն՝ կրկին կրակել է, ինչի արդյունքում վերջինս և ոստիկանության երկու աշխատակիցները ստացել են մարմնական վնասվածքներ:
«Աբովյան» ԲԿ-ից ստացված հաղորդման համաձայն` ոստիկաններից մեկի մատն է վնասվել, մյուսի՝ ձեռքի ափը, իսկ օտարերկրացին հրազենային վնասվածք է ստացել կրծքավանդակի աջ մասի շրջանում, հայտնել են գերատեսչությունից։
Նշվում է, որ դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով (Ինքնասպանության հասցնելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև երկու տարի ժամկետով), 173-րդ հոդվածի 1-ին մասով (Անզգուշությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը, պատժվում է ազատազրկմամբ՝ 1 ամիս ժամկետով) և 337-րդ հոդվածի 1-ին մասով (Հրազենի, զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի կամ պայթեցման սարքերի պահպանության պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև 5 տարի ժամկետով), նախաձեռնվել քրեական վարույթ։
Հուլիսի 20-ին Shamshyan.com-ը հայտնել էր, որ օտարերկրացին ոստիկանության Կոտայքի բաժնում կրակոցներ է արձակել։