Հուլիսի 18-ին Կոտայքի մարզում 2 խմբավորման միջև տեղի ունեցած վիճաբանության մասնակիցները մարմնական վնասվածքներ են հասցրել ոստիկանության Կոտայքի բաժնի և Գառնիի բաժանմունքի պետերին, նրանց տեղափոխել են հիվանդանոց, հայտնում է shamshyan.com-ը։
Ըստ կայքի տվյալների՝ կեսգիշերին մոտ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մայակովսկի գյուղից դեպի Ձորաղբյուր տանող ճանապարհի աջակողմյան հատվածում 2 տարբեր խմբավորում հարցեր պարզելու նպատակով հանդիպել է, ու հնարավոր է՝ նրանց մոտ զենք կա:
Դեպքի վայր մեկնած ոստիկանության Կոտայքի և Գառնիի բաժանմունքների ծառայողները պարզել են, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են: Նշվում է, որ տվյալ վայրում գտնվող 100-ից ավելի անձինք բարձրաձայն վիճաբանել ու հայհոյանքներ են հնչեցրել միմյանց հասցեին։
Կայքը հայտնում է, որ վիճաբանության մասնակիցները չեն ենթարկվել հայհոյանքները դադարեցնելու կոչին և հարձակվել են ոստիկանության ծառայողների վրա, ինչից հետո ոստիկանության Կոտայքի բաժնի պետն ինքնաձիգով նախազգուշական 3 կրակոց է արձակել դեպի օդ:
«Կրակոցները չեն զգաստացրել այդ անձանց, և նրանցից ոմանք հարձակվել, սկսել են քաշքշել ու հարվածներ հասցնել ոստիկանության աշխատակիցներին: Ոստիկաններին հարվածող անձանցից Աղվան Թադևոսյանը նստել է «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան և փորձել է դիմել փախուստի, սակայն բաժնի պետը բռնել է դեռևս բաց վիճակում գտնվող Նիվայի վարորդի կողմի դուռը։ Թադևոսյանը շարժի է դրել ավտոմեքենան և սկսել է վարել այն։ Արդյունքում՝ մոտ 20 մետր վարելուց հետո բաժնի պետն ընկել է ավտոմեքենայից»,- հայտնել է կայքը:
Վիճաբանության մասնակիցներից երկուսի հարվածների արդյունքում մարմնական վնասվածքներ են պատճառվել ոստիկանության Գառնիի բաժանմունքի պետ Հրաչյա Աթաբեկյանին, իսկ Թադևոսյանի կողմից ավտոմեքենան վարելու պատճառով մարմնական վնասվածքներ է պատճառվել ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Էդմոնդ Այվազյանին:
Ըստ կայքի՝ հարձակման են ենթարկվել նաև ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետը և քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Սամվելյանը: Նշվում է, որ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ միջադեպի մասնակից մյուս անձանց ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ:
Հուլիսի 19-ին Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Կոտայքի մարզի 6 բնակիչ բերման է ենթարկվել ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով։ Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի հրազեն կրելը, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով), 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից կատարված խուլիգանությունը, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի նկատմամբ բռնություն գործադրելը, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով) նախաձեռնվել է քրեական վարույթ։