Հուլիսի 17-ին Սևանի «Best Western Bohemian Resort» հյուրանոցում ատամնաբույժ, Սևան համայնքի ավագանու անդամ, 37-ամյա Արսեն Աֆիյանի սպանության վարույթով 2 անձ է կալանավորվել, տեղեկանում ենք Քննչական կոմիտեի հաղորդագրությունից։
ՔԿ-ն պարզել է սպանության շարժառիթը։ Նա սպանվել է այն բանից հետո, վարույթով անցնող 3 անձի հրահրմամբ հանգստյան գոտում վիճաբանություն է սկսվել։
«Աֆիյանը, Աբովյան քաղաքի 42-ամյա բնակիչը, վերջինիս կինը և ևս երկու անձ հաճախել են հանգստյան գոտու ռեստորան, որտեղ ցանկացել են ընթրել։ Մատուցողին պատվեր տալիս հիշյալ հանգստյան գոտում հանգստացող 19-ամյա մի երիտասարդ՝ Լ․ Բ․-ն և 40-ամյա մի տղամարդ՝ Մ․Փ․-ն, դուրս գալով առանձնատնից, պահանջել են բարձր չխոսել։ 37 և 42-ամյա տղամարդիկ, հակադարձելով այդ պահանջներին, հայտնել են, որ իրենք բարձր չեն խոսում։ Նշված չնչին առիթն օգտագործելով՝ Լ․Բ․-ն, Մ․Փ․-ն և ինքնությունը դեռևս չպարզված տղամարդը, մոտենալով ռեստորանի բացօթյա հատվածին, մուտքի մոտ հանդիպել են իրենց ընդառաջ եկող 37 և 42-ամյա տղամարդկանց։ Ներկաների և այլ անձանց մոտ սարսափ առաջացնելու նպատակով, անտեսելով հանգստյան գոտում գտնվող այլ հաճախորդների ու աշխատողների ներկայությունը՝ Լ․Բ․-ն, Մ․Փ․-ն և ինքնությունը դեռևս չպարզված տղամարդը փոխադարձ քաշքշուքի և վիճաբանության մեջ են մտել հիշյալ երկու տղամարդու հետ»,- հայտնել են ՔԿ-ից։
Այդ ընթացքում հայհոյանքներ են հնչեցրել միմյանց հասցեին, գոռգոռացել են, փոխադարձաբար ոտքերով և ձեռքերով հարվածել միմյանց մարմնի տարբեր մասերին, հավելել են ՔԿ-ից։
«Տեսնելով, որ 42-ամյա տղամարդն ակոսափող ատրճանակ է հանել, Մ․Փ․-ն նրան գցել է գետնին: Ապա հիշյալ առանձնատնից վերցնելով ապօրինի կերպով պահվող ակոսափող հրազենը՝ մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, նախ այլ անձանց կյանքի և առողջության համար վտանգավոր եղանակով կրակոց է արձակել 42-ամյա տղամարդու ուղղությամբ՝ նրա առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս, որից հետո վերցրել է վերջինիս ակոսափող ատրճանակը և դրել իր գոտկատեղում։ Այնուհետև Մ․Փ․-ն կրակոց է արձակել հանգստյան գոտու անվտանգության աշխատակցի ուղղությամբ՝ նրա առողջությանը պատճառելով կյանքի համար վտանգավոր՝ ծանր վնաս, որից հետո Աֆիյանին կյանքից զրկելու նպատակով, կրակոց է արձակել վերջինիս ուղղությամբ՝ նրան պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ»,- ընդգծել են ՔԿ-ից։
Մ․Փ․-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով սպանություն, առավելագույն պատիժն ազատազրկում՝ ցմահ ազատազրկում), 166-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 6-րդ կետերով (առողջությանը ծանր վնաս պատճառելը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 10 տարի ժամկետով), 167-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 8-րդ կետերով (զենքի գործադրմամբ, այլ անձանց կյանքի կամ առողջության համար վտանգավոր եղանակով առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը), 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 5 տարի ժամկետով) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (hրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառություն, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 5 տարի ժամկետով)։
19-ամյա Լ․Բ-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 5 տարի ժամկետով):
Shamshyan.com-ը գրել էր, որ հուլիսի 17-ին «Best Western Bohemian Resort»-ում կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով կան վրավորներ և մեկ զոհ։ Մահացած Աֆիյանը, կայքի տեղեկություններով, ատամնաբույժ է։ Ավելի ուշ Քննչական կոմիտեն դեպքի առնչությամբ քրեական վարույթ էր նախաձեռնել, ձերբակալվել են Գեղարքունիքի մարզի 19-ամյա և Տավուշի մարզի 40-ամյա բնակիչներ։ Սևանի քաղաքապետարանից ավելի ուշ հայտնել էին, որ Աֆիյանը Սևան համայնքի ավագանու անդամ էր, 3 անչափահաս երեխաների հայր։