Քննչական կոմիտեն քրեական վարույթ է հարուցել Երևանում սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Ըստ ՔԿ-ի՝ հուլիսի 20-ին՝ ժամը 15:22-ի սահմաններում, Երևան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցում տղամարդը կանգնեցրել է 35-ամյա տուժողի ավտոմեքենան, ապա մոտենալով դիմացի ուղևորի հատվածին՝ բաց պատուհանից չորս կրակոց է արձակել նրա ուղղությամբ:
Տուժողն «աջ ազդրի բեկորային հրազենային վնասվածքով» տեղափոխվել է բժշկական կենտրոն, նրան առողջական վիճակի պատճառով չեն հարցաքննել, մանրամասնել է ՔԿ-ն։
«Տուժողի առողջական վիճակով պայմանավորված՝ նրա հետ դեռևս անհրաժեշտ քննչական գործողություններ հնարավոր չէր իրականացնել։ Դեպքի վայրում և այնտեղ գտնվող, տուժողին պատկանող «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի զննության արդյունքում ավտոմեքենայում հայտնաբերվել են արյան հետքեր, սրահից առգրավվել են պարկուճներ»,- ասվում է ՔԿ-ի հաղորդագրության մեջ։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձ, պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը 15 տարի ժամկետով) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն կրելը, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով):
Իրավապահները հետաքննություն են անցկացնում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
Հուլիսի 20-ից shamshyan.com-ը հայտնել էր, որ վիրավորում ստացած քաղաքացին ծանրամարտի Հայաստանի նախկին չեմպիոն Վարդան Դավթյանն է: