«Կամք» նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանն ազատվել է տնային կալանքից, Facebook-ի իր էջում հայտնել է Չախալյանը։
«Հենց այս պահին ավարտվեց երկամսյա տնային կալանքս, և ես ազատության մեջ եմ»,- գրել է նա։
Չախալյանը նշել է, որ շարունակելու է պայքարը՝ արցախահայության արժանապատիվ վերադարձի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի, լայնածավալ համաներման և այլ խնդիրների լուծման համար։
Նա նաև շուտափույթ ազատում է մաղթել բոլոր քաղբանտարկյալներին։
«Կամք» նախաձեռնության հիմնադիրը ձերբակալվել էր մայիսի 16-ին՝ կառավարության շենքի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ։ Նրան մեղադրանք էր առաջադրվել խուլիգանության հոդվածով։ Մայիսի 19-ին դատարանը Չախալյանին ազատել էր կալանքից՝ որպես խափանման միջոց կիրառելով տնային կալանքը՝ երկու ամիս ժամկետով։