Քննչական կոմիտեի նախկին նախագահ, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին ու ընտանիքի անդամներին հուլիսի 25-ին հրավիրել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն, տեղեկանում ենք պաշտոնական հայտարարությունների Azdarar.am կայքից։
Նշվում է, որ վարչությունում նրանց պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում ամփոփագիր են կազմել։
Վարչություն են հրավիրել նաև Հովսեփյանի որդիներին՝ Միսակ, Արմեն, Նարեկ Հովսեփյաններին, կնոջը՝ Աստղիկ Հովսեփյանին, հարսին՝ Մարինա Նուշիկյանին, ինչպես նաև ընտանիքի անդամներ հանդիսացող Նորա Բարսեղյանին, Էդգար Նազարյանին։
Հովսեփյանի վերաբերյալ ուսումնասիրության շրջանակում դատախազությունը ծանուցում է ուղարկել նաև Պրահայում գրանցված «Օմիռա» ՍՊԸ-ին։
«Հետքը» գրել է, որ ընկերությունը փոխկապակցված է Հովսեփյանների ընտանիքի հետ։
««ՕՄԻՌԱ» ՍՊԸ-ին է պատկանում «Տելիա մայնինգ» ՍՊԸ-ի 99․9%-ը։ Վերջինիս 0.1% սեփականատերը Հովսեփյանների ընտանիքի անդամ, դատախազություն հրավիրված Բարսեղյանն է»,- նշված է հրապարակման մեջ։
2021 թվականին Հովսեփյանին ձերբակալել էին պաշտոնավարման ժամանակահատվածներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու մեջ։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր կալանքը։ 2022-ին դատարանը 100 միլիոն դրամ գրավի դիմաց Հովսեփյանին ազատ արձակելու որոշում էր կայացրել։