Հետախուզման մեջ գտնվող ՀՀ երկու քաղաքացիների Վրաստանն ու Ղազախստանն արտահանձնել են Հայաստանի Հանրապետությանը, տեղեկացրել է Գլխավոր դատախազությունը։
Ըստ գերատեսչության՝ Վրաստանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը և հետախուզվող անձ Պ.Ս.-ին հանձնել Հայաստանի իրավասու մարմիններին:
«Պ.Ս.-ն մեղադրվում է ՀՀ պահպանվող պետական սահմանն ապօրինի հատելու համար (պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 3 տարի ժամկետով): ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարությամբ՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցների կողմից ապահովվել է Պ.Ս.-ի տեղափոխումը Երևան»,- գրել է դատախազությունը:
Մյուս դեպքով Ղազախստանը բավարարել է հետախուզվող Հ.Չ.-ին Հայաստանի իրավասու մարմիններին հանձնելու միջնորդությունը:
«Հ.Չ.-ն մեղադրվում է պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու համար։ ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարությամբ՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցների կողմից ապահովվել է Հ.Չ.-ի տեղափոխումը Երևան»,- նշել է գերատեսչությունը: