Վերաքննիչ դատարանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ տրանսպորտում տեղի ունեցած միջադեպի գործով անցնող Սամվել Վարդանյանի տնային կալանքը փոխել է վարչական հսկողության (գործով անցնող անձանց հետ շփում չունենալու պայմանով), հայտնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Նրա խոսքով՝ դատարանը մասնակի է բավարարել պաշտպանության կողմի բողոքը՝ ուժի մեջ թողնելով 7 մլն դրամի չափով գրավն ու երկրից բացակայելու արգելքը։
Ապրիլի 15-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեսանյութ էր հրապարակել, որտեղ Վարդանյանը ՔՊ պատգամավոր Հակոբ Ասլանյանին «հակահայ վիժվածք» էր անվանել և հայտարարել, որ իշխանությունները «հանձնում են հայրենիքը»։ Սիմոնյանը միջադեպը «խուլիգանական արարք» էր որակել։ Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն ավելի ուշ հայտնել էր Վարդանյանի ձերբակալության մասին։
Քննչական կոմիտեն ապրիլի 16-ին խուլիգանության հատկանիշներով քրվարույթ էր հարուցել։ Փաստաբան Վարազդատ Հարությունյանն ավելի ուշ մանրամասներ էր հայտնել ձերբակալությունից հետո Վարդանյանին դաժան ծեծի ենթարկելու մասին: Մայիսի 18-ին Վարդանյանի նկատմամբ կիրառվել էր տնային կալանք՝ 7 մլն դրամ գրավով համակցմամբ։