Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի մանկապարտեզում երեխային ծեծի ենթարկած աշխատակիցը ձերբակալվել է, հայտնել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Համացանցում տեսանյութ էր տարածվել, որում մանկապարտեզի աշխատակիցը ծեծի էր ենթարկում երեխային։
Սարգսյանը հայտնել է, որ ոստիկանությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել այս տարվա մայիսին։
«ՆԳՆ ոստիկանության Արարատի բաժին է հրավիրվել մանկապարտեզի տնօրենը, որից ընդունվել է հաղորդում։ Տեսանյութում պատկերված մանկապարտեզի 45-ամյա աշխատակիցը հայտնաբերվել է Վեդիի Թումանյան փողոցում, անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և կազմված փաստաթղթերով ներկայացվել ՔԿ Վեդիի քննչական բաժին»,- գրել է նա։
Միջադեպին արձագանքելով՝ ԿԳՄՍ նախարությունը դատապարտել է բռնության ցանկացած դրսևորում և նշել, որ ուսումնասիրման նպատակով համապատասխան մարմիններին է փոխանցել համացանցում շրջանառվող տեսանյութը։
«ԿԳՄՍ նախարարությունը դատապարտում է բռնության ցանկացած դրսևորում և հետամուտ է լինելու, որպեսզի միջադեպը բացահայտվի և օրենքի շրջանակում ստանա իրավական գնահատական: Բռնության ցանկացած դրսևորում անհարիր է կրթական միջավայրին, և նման գործելաոճով առաջնորդվողները տեղ չունեն և չեն կարող ունենալ ուսումնական հաստատություններում, որոնցում պետք է առաջնային լինի երեխայի լավագույն շահի պաշտպանությունը»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
ՀՀ ՄԻՊ-ը հորդորել է չտարածել սոցիալական ցանցերում հայտնված տեսանյութը՝ զերծ մնալով երեխաներին նույնականացնող անձնական տվյալները հրապարակելուց։ Նաև հավելել է, որ ՄԻՊ աշխատակազմում դեպքի հետ կապված ուսումնասիրություն է սկսվել: