Քննչական կոմիտեն Փոքր Վեդու մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնել, հայտնել է ՔԿ նախագահի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Նրա տվյալներով՝ Վեդու քննչական բաժին է ստացվել 2024թ․ հուլիսի 26-ին Փոքր Վեդու «Զորթոնք» նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի տնօրենի կողմից տրված հաղորդումը՝ նշված մանկապարտեզի ննջասենյակում դաստիարակի կողմից մանկապարտեզի ավագ խմբի սաներից մեկին ծեծի ենթարկելու վերաբերյալ։
Աբրահամյանը նշել է, որ հաղորդման առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով (անչափահասի նկատմամբ Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 7 տարի ժամկետով) նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նրա տվյալներով՝ ոստիկանության կողմից ձերբակալվել և նախաքննական մարմին է ներկայացվել մանկապարտեզի դաստիարակը։
Աբրահամյանը հավելել է, որ սկսվել է նախաքննություն՝ դեպքի հանգամանքները պարզելու, մանկապարտեզի աշխատակիցների արարքներին իրավական գնահատականներ տալու ուղղությամբ։
Հուլիսի 26-ին համացանցում տեսանյութ էր տարածվել, որում մանկապարտեզի աշխատակիցը ծեծի էր ենթարկում երեխային։ Ոստիկանությունը պարզել էր, որ դեպքը տեղի է ունեցել այս տարվա մայիսին։ ԿԳՄՍ նախարարությունը դատապարտել էր բռնության ցանկացած դրսևորում և նշել, որ ուսումնասիրման նպատակով համապատասխան մարմիններին է փոխանցել համացանցում շրջանառվող տեսանյութը։ ՀՀ ՄԻՊ-ը հորդորել էր չտարածել սոցիալական ցանցերում հայտնված տեսանյութը՝ զերծ մնալով երեխաներին նույնականացնող անձնական տվյալները հրապարակելուց։