Շիրակի մարզում 3 մարդու կյանք խլած ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակիցը փախել է Վրաստան, հայտնում է Shamshyan.com-ը։
Կայքի տվյալներով՝ ավտովթարի մասնակից «BMW X3» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, Շիրակի մարզի բնակիչ 41-ամյա Արմեն Տ.-ն, «Գյումրի» բժշկական կենտրոն տեղափոխվելիս դիմել է փախուստի և լքել ՀՀ սահմանը:
Ավտոմեքենայում հայտնաբերվել է թմրանյութի նմանվող զանգված:
Վթարի պահին ավտոմեքենայում գտնված Շիրակի մարզի բնակիչ 45-ամյա Անդրանիկ Ա.-ն հայտարարել է, որ թմրանյութի նմանվող զանգվածը պատկանում է իրեն և պահել է իր մոտ՝ հետագայում օգտագործելու նպատակով:
Հուլիսի 26-ին ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտնել էր, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 15-րդ կմ-ին բախվել են BMW (վարորդ՝ Ա. Տ., ծնված 1983 թ.) և Honda (վարորդ՝ Ն. Մ., ծնված 1992թ.) մակնիշների ավտոմեքենաները, որի հետևանքով երիտասարդ ամուսինները տեղում են մահացել, իսկ նրանց 8-ամյա տղան՝ հիվանդանոցում։ Ընտանիքի կյանքը խլած վթարի դեպքի առթիվ ՔԿ-ն քրեական վարույթ էր նախաձեռնել։