Փոքր Վեդիի մանկապարտեզի սանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով ձերբակալված դաստիարակը շարունակում է մնալ կալանքի տակ, Armenia Today-ին հայտնեց ՔԿ նախագահի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:
Ըստ նրա՝ դաստիարակին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (Անչափահասին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան տառապանք պատճառելը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 7 տարի ժամկետով):
Ըստ ՔԿ նաագահի խոսնակի՝ գործով այլ անձինք չեն անցնում, այլ երեխաների բռնության ենթարկելու մասին ահազանգ ՔԿ-ն չի ստացել։
«Այդ մանկապարտեզում նմանատիպ այլ դրսևորման մասին տվյալներ քննությամբ որ պահին ստանանք՝ համապատասխան քրեադատավարական ընթացք կապահովենք»,- ասաց Աբրահամյանը։
Հուլիսի 26-ին սոցիալական ցանցերում տեսանյութ էր տարածվել, որում մանկապարտեզի աշխատակիցը ծեծում է երեխային։ Ոստիկանները պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել այս տարվա մայիսին Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղում և բերման է ենթարկել մանկապարտեզի 45-ամյա աշխատակցուհու։ Այնուհետև Քննչական կոմիտեն դեպքի առթիվ քրեական վարույթ էր նախաձեռնել։