Փոքր Վեդիի մանկապարտեզի սանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով ձերբակալված դաստիարակն ազատ է արձակվել, Armenia Today-ին հայտնել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
«Նշված անձը քննիչի որոշմամբ ձերբակալվել էր 72 ժամով և 72 ժամը լրանալուց հետո ազատ է արձակվել»,- ասել է Սարգսյանը։
«Ազատության» տեղեկություններով՝ ծնողները բողոք չեն ներկայացրել իրենց երեխային մահճակալում ծեծած դաստիարակի դեմ:
Ավելի վաղ ՔԿ նախագահի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը Armenia Today-ին հայտնել էր, որ դեպքով ձերբակալված դաստիարակը շարունակում է մնալ կալանքի տակ: Ըստ նրա՝ դաստիարակին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան տառապանք պատճառելը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 7 տարի ժամկետով):
Հուլիսի 26-ին սոցիալական ցանցերում տեսանյութ էր տարածվել, որում մանկապարտեզի աշխատակիցը ծեծում է երեխային։ Ոստիկանները պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել այս տարվա մայիսին Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղում և բերման է ենթարկել մանկապարտեզի 45-ամյա աշխատակցուհու։ Այնուհետև Քննչական կոմիտեն դեպքի առթիվ քրեական վարույթ էր նախաձեռնել։