Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 300 հազար դրամի չափով վարչական տույժ է կիրառել Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի նկատմամբ, տեղեկանում ենք հանձնաժողովի կայքից։
Նշվում է, որ հանձնաժողովն ուսումնասիրել է «Հետքի»՝ «Տեղի համայնքապետը 378 մլն դրամի պայմանագրեր է կնքել եղբոր ԱՁ-ի հետ» և «Տեղի գնումները համայնքապետի կնոջից, քեռուց և քեռակնոջից» հոդվածները և հուլիսի 4-ի նիստում վարույթ էր հարուցել համանքապետի նկատմամբ։
Հանձնաժողովը պարզել է, որ Ղուլունցը կատարել է գործողություն, որը հանգեցրել կամ կարող էր հանգեցնել շահերի բախման։
«Հետք մեդիա գործարանը» մարտի 24-ին գրել էր, որ 2022-ին Սյունիքի մարզի Տեղ համայնքը մանկապարտեզներին սնունդ մատակարարելու պայմանագրեր է կնքել «Կարմեն Մալյան» ԱՁ-ի հետ։ Մալյանը Տեղի համայնքապետի կինն է, ԱՁ–ն պատկանում է նրան։
«Հետքը» հուլիսի 13-ին հայտնել էր, որ 2024 թվականի փետրվարին Տեղ համայնքի Խնածախ բնակավայրի ակումբի տանիքի հիմնանորոգման աշխատանքների համար գնում է արվել՝ գնանշման հարցում ընթացակարգով, որին հայտ է ներկայացրել միայն մեկ կազմակերպություն՝ «Սասուն Ղուլունց Արամայիսի» ԱՁ-ն։ Սասուն Ղուլունցը Տեղի համայնքապետի եղբայրն է։ Պայմանագրի ընդհանուր գումարը 12 մլն 335 հազար դրամ էր։