Երևանում հուլիսի 31-ին 3 վրաերթ է տեղի ունեցել, որի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել երեք անձ, այդ թվում՝ անչափահաս, հայտնում է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
ՔԿ-ից հավելել են, որ անչափահաս տուժածի վիճակը բավարար է, կոտրվածքներ չունի, իսկ մյուս երկու տուժածների վիճակը գնահատվում է ծանր։
Ըստ ՔԿ-ի՝ վրաերթերը տեղի են ունեցել ժամը 08։00-ի սահմաններում` Երևան քաղաքի Հովսեփ Էմին փողոցի կամրջի վրա, ժամը 09։00-ի սահմաններում՝ Արշակունյաց պողոտայի և Քրիստափոր փողոցի խաչմերուկում, և ժամը 11։00-ի սահմաններում՝ Կոմիտասի պողոտայում։ Մարմնական վնասվածքներով հիվանդանոցներ են տեղափոխվել 76-ամյա և 30-ամյա հետիոտներ և ինքնագլորով տեղաշարժվող 16-ամյա բնակիչ։
Անչափահասի վրաերթը տեղի է ունեցել ՀՀ ՆԳՆ ոստիկանության հաշվեկշռում գտնվող «Գազ 32212» մակնիշի ավտոմեքենայով։ Shamshyan.com-ը հայտնել էր, որ տուժածը Երևանի բնակիչ Վարդան Մ․-ն է։
«Երեք դեպքերի առթիվ էլ նախաձեռնվել են քրեական վարույթներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ճանապարհային երթևեկության շահագործման անվտանգությունն ապահովող կանոն խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս, այս հոդվածով առավելագույն պատիժն ազատազրկումն է՝ 3 տարի ժամկետով-խմբ․)»,- ասվում է ՔԿ-ի հաղորդագրության մեջ։