Երևանում երկու անձի մահվան պատճառ դարձած վրաերթի գործով մեղադրանք է առաջադրվել բեռնատարի վարորդին, հայտնում է Քննչական կոմիտեն։
«Հուլիսի 29-ին` ժամը 12:50-ի սահմաններում, 27-ամյա անձի կողմից վարած «Մերսեդես» մակնիշի բեռնատարը Երևան քաղաքի Աճառյան փողոցում՝ կանգառի մոտ, վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Վրաերթի հետևանքով Երևան քաղաքի բնակիչներ 75-ամյա և 73-ամյա ամուսինները տեղում մահացել են, իսկ նրանց որդին՝ 48-ամյա տղամարդը, դիմել է բուժօգնության։ Նրա վիճակը բավարար է։
ՔԿ-ն նաև հայտնում է, որ վարորդին ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոն խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը ութ տարի ժամկետով)։
Վարորդի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը՝ համակցված 1մլն դրամի չափով գրավի և բացակայելու արգելքի հետ։