Հուլիսի 17-ին Սևանի «Best Western Bohemian Resort» հյուրանոցում ատամնաբույժ, Սևան համայնքի ավագանու անդամ, 37-ամյա Արսեն Աֆիյանի սպանության վարույթով մեկ անձի՝ 39-ամյա Դ․Հ․-ի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, տեղեկացնում են Քննչական կոմիտեից։ ՔԿ-ն հրապարակել է Աֆիյանի սպանության օրը տեղի ունեցած վեճի տեսանյութը։
ՔԿ-ն նախաքննության ընթացքում պարզել է, որ Դ․Հ․-ն Տավուշի մարզի բնակիչ է։ Հուլիսի 22-ին դատարանը 2 անձի՝ Լ․Բ․-ին և Մ․Փ․-ին կալանավորելու որոշում էր կայացրել։
ՔԿ-ից հայտնում են, որ Դ․Հ․-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 5 տարի ժամկետով) հանրային քրեական հետապնդում է հարուցվել: Նրան կալանավորելու միջնորդությունը դատարանը բավարարել է։
ՔԿ-ն հուլիսի 22-ին հայտնել էր, որ Աֆիյանին սպանել են այն բանից հետո, վարույթով անցնող 3 անձի հրահրմամբ հանգստյան գոտում վիճաբանություն է սկսվել։ Կալանավորված Մ․Փ․-ն կրակոց էր արձակել նաև հանգստյան գոտու անվտանգության աշխատակցի ուղղությամբ՝ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս, որից հետո Աֆիյանին կյանքից զրկելու նպատակով կրակոց էր արձակել վերջինիս ուղղությամբ։
Shamshyan.com-ը գրել էր, որ հուլիսի 17-ին «Best Western Bohemian Resort»-ում կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով կան վրավորներ և մեկ զոհ։ Մահացած Աֆիյանն ատամնաբույժ է։ Քննչական կոմիտեն դեպքի առնչությամբ քրեական վարույթ էր նախաձեռնել։ Սևանի քաղաքապետարանից ավելի ուշ հայտնել էին, որ Աֆիյանը Սևան համայնքի ավագանու անդամ էր, 3 անչափահաս երեխաների հայր։