Արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը հայտնել է, որ ոստիկանները ծեծի են ենթարկել իր եղբորը՝ Արամ Երիցյանին։
«Ավտոմեքենան, իբր, արգելված վայրում կայանելու պատրվակով մոտ 10 պարեկային ծառայող դաժանաբար ծեծի է ենթարկել եղբորս և տարբեր կոտրվածքներով տեղափոխել ոստիկանության բաժանմունք»,- Facebook-յան իր էջում հայտարարել է փաստաբանը։
Երիցյանը նշել է նաև, որ «ոստիկանները եղբոր երեսին արցունքաբեր գազ են փչել»։
«Եղբորս ձեռքը, մատները կոտրվել են, աչքերը չեն տեսնում, իսկ գլուխն ուռել է։ Նա այդ վիճակում ոստիկանության Արաբկիրի բաժանմունքում է»,- հավելել է նա։
Նրա խոսքով՝ շտապօգնության բժիշկները զննում են եղբորը։
Նշենք, որ Երիցյանը Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի փաստաբանն է։