ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խումբը Ոստիկանության Արաբկիրի բաժնում առանձնազրույց է ունեցել ոստիկանների կողմից բռնության ենթարկված Արամ Երիցյանի հետ, հայտնում է ՄԻՊ-ի աշխատակազմը
«Պաշտպանի ներկայացուցիչներն արձանագրել են նաև նրա մոտ առկա մարմնական վնասվածքները»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ՄԻՊ-ը դեպքի հանգամանքները քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով քննության առարկա դարձնելու պահանջով կդիմի իրավասու պետական մարմիններին:
Արամ Երիցյանի եղբայր փաստաբան Ռոման Երիցյանը Armenia Today-ին հայտնել էր, որ իր եղբոր նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել, իբր, ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու պատճառով։ Նա ահազանգել էր, որ 2 ժամից ավելի է՝ եղբայրը զրկված է պաշտպանության իրավունքից։ Ընդդիմադիր պատգամավորներին ու փաստաբաններին թույլ չեն տալիս մտնել Քննչական կոմիտեի շենք։
Ավելի վաղ փաստաբանը հայտնել էր, որ ոստիկանները դաժան ծեծի են ենթարկել իր եղբորը՝ «ավտոմեքենան, իբր, արգելված վայրում կայանելու պատրվակով»։