ՆԳ նախարարությունը պարզաբանում է տարածել արցախցի փաստաբան Ռոման Երիցյանի հայտարարության վերաբերյալ, ըստ որի՝ «իր եղբորը՝ Արամ Երիցյանին, ավտոմեքենան արգելված վայրում կայանելու պատրվակով դաժանաբար ծեծի են ենթարկել»։
Երիցյանը հայտնել էր, որ «եղբայրը կոտրվածքներ ունի»։
Ոստիկանությունից կեղծ են որակել հայտարարությունը՝ ընդգծելով, որ «Երիցյանը ոչ թե ծեծի է ենթարկվել, այլ ձերբակալման ընթացքում ինքն է հարվածներ հասցրել և դիմադրություն ցույց տվել պարեկներին, ինչի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ»։
«Պարզվել է, որ հիմնավոր կասկածանքով ձերբակալման և ոստիկանության Արաբկիրի բաժին տեղափոխելու ընթացքում նշված անձը ծեծի չի ենթարկվել, նա չունի որևէ կոտրվածք։ Ո՛չ նրա, ոչ ԼՂ բնակչության հասցեին չի հնչել վիրավորական որևէ արտահայտություն, ձերբակալումն էլ կատարել են ոչ թե պարեկային 10 ծառայողներ, ինչպես նշված է հրապարակման մեջ, այլ մեկ կարգախումբ՝ երկու պարեկով»,- հավելել են ՆԳՆ-ից։
ՆԳՆ-ում շեշտել են, որ «որոշ օգտատերերի կողմից հրապարակված ակնհայտ սուտ և իրականության հետ աղերս չունեցող տեղեկությունները, ենթադրաբար, հատուկ նպատակ ունեն»։ ՆԳՆ-ում կարծում են, որ «այդկերպ փորձում են թիրախավորել Պարեկային ծառայությանը, մոլորեցնել հանրությանը, ստեղծել տպավորություն, թե իբր Ոստիկանությունը առանձնահատուկ բացասական վերաբերմունք ունի ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հանդեպ»։
Երիցյանը օգոստոսի 1-ին Armenia Today-ին հայտնել էր, որ իր «եղբոր նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել, իբր, ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու պատճառով»։ Նա ահազանգել էր, որ եղբայրը զրկված էր պաշտպանության իրավունքից։ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խումբը Ոստիկանության Արաբկիրի բաժնում առանձնազրույց էր ունեցել Երիցյանի եղբոր հետ։