Վերաքննիչ դատարանը մերժել է վերանայել ՎԵՏՕ շարժման հիմնադիր Նարեկ Մալյանի վերաբերյալ դատավճիռը, հայտնել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Պաշտպանության ու մեղադրանքի կողմերի բերած բողոքների քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը որոշեց առաջին ատյանի դատավճիռը թողնել անփոփոխ»,- գրել է Մելիքյանը։
Իրավապաշտպանը վերահաստատել է պաշտպանական կողմի դիրքորոշումը, ըստ որի՝ Մալյանի արարքում հանցակազմ չկա։
«Քաղբանտարկյալ Մալյանի արարքում հանցակազմ չկա, իսկ դատախազությունը պնդում է, որ նրա ազատազրկումը պետք է տևի 3 տարի 3 ամիս։ Վերաքննիչի որոշումը բողոքարկելու ենք Վճռաբեկ դատարան։ Անկախ բողոքարկման արդյունքից՝ Մալյանն ազատ է արձակվելու 2024թ. սեպտեմբերի 20-ին»,- եզրափակել է իրավապաշտպանը։
Մալյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, այն է՝ ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ։ Արարքը պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև չորս տարի ժամկետով: Մալյանը ձերբակալվել էր 2023 թվականի սեպտեմբերի 20-ին։ Ապրիլի 12-ին դատարանը Մալյանին մեղավոր էր ճանաչել։