Արամ Երիցյանը ձերբակալվել է պարեկների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու կասկածանքով, հայտնում է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Օգոստոսի 1-ին փաստաբան Ռոման Երիցյանը հայտնել էր, որ իր եղբորը՝ Արամ Երիցյանին, մոտ 10 պարեկ դաժանաբար ծեծելով տարել է ոստիկանական բաժանմունք։
Ըստ ՔԿ-ի՝ օգոստոսի 1–ին՝ ժամը 16:10-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության երկու պարեկ Երևան քաղաքի Հ.Հակոբյան փողոցում նկատել են խախտումով կայանված «Ջիպ Կոմպաս» մոդելի ավտոմեքենա և բարձրախոսով կանչել են մեքենայի վարորդին։ Նրանց է մոտեցել Երիցյանը, ով հայտնել է, որ մեքենան ինքը չի կայանել, բանալիներն իր մոտ չեն։
«Մոտեցած մեկ այլ քաղաքացի, որը, ըստ մեքենայի սեփականատիրոջ, եկել է մեքենան տեղափոխելու, անխոչընդոտ, առանց բանալիի գործադրման, կարողացել է տեղափոխել նշված տրանսպորտային միջոցը։ Պարեկների մոտ կասկածներ են առաջացել, որ 27-ամյա անձը դրսևորում է կասկածելի վարքագիծ՝ վարչական պատասխանատվությունից խուսափելու համար ավտոմեքենան իրեն պատկանելու հանգամանքը թաքցնելու նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ:
ՔԿ-ից հավելում են, որ երիտասարդին առաջարկել են մոտենալ տարածքային ոստիկանության բաժին, սակայն երիտասարդը հրաժարվել է։ Գերատեսչությունը մանրամասնում է, որ երբ պարեկները փորձել են ձերբակալել նրան, երիտասարդը հարվածներ է հասցրել պարեկներից մեկի կրծքավանդակի և գլխի շրջանին, որից հետո պարեկները արցունքաբեր գազ են օգտագործել:
Անձնական խուզարկությամբ երիտասարդի մոտ հայտնաբերել են հիշյալ ավտոմեքենայի բանալիները, հաշվառման վկայականը։
ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի նկատմամբ բռնություն գործադրելը, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով) նախաձեռնվել է քրեական վարույթ։
ՔԿ-ն նաև հայտնում է, որ օգոստոսի 2-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ նշված միջադեպի ընթացքում պարեկային ծառայության ծառայողների կողմից բռնություն է կիրառվել Երիցյանի նկատմամբ, որի հետևանքով վերջինս ստացել է ծանր մարմնական վնասվածքներ։ Հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (պաշտոնատար անձի կողմից բռնության գործադրմամբ իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելը, պատժվում է ազատազրկմամբ՝ առավեկագույնը 8 տարի ժամկետով)։
ՆԳ նախարարությունը պարզաբանում էր տարածել փաստաբանի հայտարարության վերաբերյալ, ըստ որի՝ «իր եղբորը՝ Արամ Երիցյանին, ավտոմեքենան արգելված վայրում կայանելու պատրվակով դաժանաբար ծեծի են ենթարկել»։
Երիցյանը հայտնել էր, որ «եղբայրը կոտրվածքներ ունի»։
Ոստիկանությունից կեղծ են որակել հայտարարությունը՝ ընդգծելով, որ «Երիցյանը ոչ թե ծեծի է ենթարկվել, այլ ձերբակալման ընթացքում ինքն է հարվածներ հասցրել և դիմադրություն ցույց տվել պարեկներին, ինչի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ»։
Երիցյանը օգոստոսի 1-ին Armenia Today-ին հայտնել էր, որ իր «եղբոր նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու պատճառով»։ Նա ահազանգել էր, որ եղբայրը զրկված էր պաշտպանության իրավունքից։ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խումբը Ոստիկանության Արաբկիրի բաժնում առանձնազրույց էր ունեցել Երիցյանի եղբոր հետ։