Արցախցի փաստաբան Ռոման Երիցյանի եղբայրը՝ Արամ Երիցյանը, ձերբակալության 72 ժամը լրանալուց հետո ազատ է արձակվել, հայտնել է Երիցյանը։
«72 ժամը լրանալու հիմքով եղբայրս ազատության մեջ է։ Կալանավորման հարցով դատարանի որոշումը կհրապարակվի քիչ հետո»,- գրել է փաստաբանը։
Օգոստոսի 1-ին Երիցյանը հայտնել էր, որ իր եղբորը մոտ 10 պարեկ դաժանաբար ծեծելով տարել է ոստիկանական բաժանմունք։ Երիցյանն օգոստոսի 1-ին Armenia Today-ին հայտնել էր, որ իր «եղբոր նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու պատճառով»։
ՆԳ նախարարությունն օգոստոսի 2-ին պարզաբանում էր տարածել փաստաբանի հայտարարության վերաբերյալ և կեղծ որակել այն՝ ընդգծելով, որ «Երիցյանը ոչ թե ծեծի է ենթարկվել, այլ ձերբակալման ընթացքում ինքն է հարվածներ հասցրել և դիմադրություն ցույց տվել պարեկներին, ինչի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ»։ Օգոստոսի 2-ին ՔԿ-ն հայտնել էր, որ Երիցյանը ձերբակալվել է պարեկների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու կասկածանքով։