Արտաշատի համայնքապետարանի պաշտոնյային առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելուն օժանդակելու համար մեղադրանք առաջադրելուց հետո կալանավորել են, Armenia Today-ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։
«Պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելուն օժանդակելու և առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս պատճառելով զուգորդված պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Կոմիտեի քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար, որը բավարարվել է»,- հավելել են կոմիտեից։
«Ժողովուրդ» օրաթերթն օգոստոսի 1-ին գրել էր, որ Արտաշատում շինարարական աշխատանքների ընթացքում կատարված հափշտակությունների և պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու դեպքեր են բացահայտվել։ Թերթի տեղեկություններով՝ վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում էր հարուցվել 9 անձի նկատմամբ։ Կալանավորված 5 անձանցից 2-ը, օրաթերթի տվյալներով, հարկային տեսուչներ էին։