Փոքր Վեդիում սպանության փորձի գործով 26-ամյա երիտասարդի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, հայտնում է Քննչական կոմիտեն։
26-ամյա քաղաքացու նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել Քրեական օրենսգրքի 44-155 հոդվածի 1-ին մասով (սպանության փորձ, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով) և 334 հոդվածի 1-ին մասով (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 15 տարի ժամկետով):
Ըստ ՔԿ-ի՝ օգոստոսի 4-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում, Արարատի մարզի 32-ամյա բնակիչն այցելել է Փոքր Վեդի բնակավայրում գործող գարեջրատուն, որտեղ վիճաբանություն է տեղի ունեցել ներկաների միջև։ ՔԿ-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ վեճի մասնակիցներից մեկի կանչով մի քանի անձանց հետ գարեջրատուն է գնացել նույն մարզի 26-ամյա բնակիչը, որն սկսել է վիճաբանել 32-ամյա տղամարդու և նրա բարեկամների հետ։
«Վիճաբանության ընթացքում 26-ամյա երիտասարդն իր ապօրինի զենքից՝ օդաճնշիճ ատրճանակից, մեկ անգամ կրակել է 32-ամյա տղամարդու կրծքավանդակի հատվածին։ Վերջինս տեղափոխվել է «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲԸ, որտեղ բուժաշխատողների միջամտությամբ փրկվել է նրա կյանքը։
26–ամյա երիտասարդի նկատմամբ հայտարարվել է հետախուզում»,- ասված է հաղորդագրությունում։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վիրավորում ստացած բնակիչը 32-ամյա Վասպուր Բարսեղյանն է, դեպքի առթիվ ոստիկանները որոնում են 26-ամյա Արսեն Կարապետյանին։ Կայքը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ կասկածյալն ավագանու անդամ է և Վեդի խոշորացված համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանի մտերիմը։