Վերաքննիչ դատարանն Արաբկիրի նախկին թաղապետ Արամ Ազատյանի տնային կալանքը կփոխարինի կալանքով, գրում է ArmLur.am-ը՝ հղում անելով նրա փաստաբան Արթուր Պիվազյանին։
Նշվում է, որ դատարանն օգոստոսի 8-ին բավարարել է Ազատյանի խափանման միջոցը փոխելու մասին Գլխավոր դատախազության բողոքը։
Հուլիսի 3-ին Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանն Armenia Today-ին հայտնել էր, որ ՔԿ-ն խուզարկություններ է կատարել Երևանի Արաբկիր վարչական շրջանի վարչական շենքում, կան ձերբակալվածներ։ Հուլիսի 4-ին Աբրահամյանը տեղեկացրել էր, որ Արաբկիր վարչական շրջանում չարաշահումների վերաբերյալ քրեական գործի շրջանակներում իրավապահները ձերբակալել են 8 անձի: Ազատյանին ուղարկել էին տնային կալանքի՝ 30 մլն դրամ գրավով։ Մնացածներից ստորագրություն էին վերցրել չհեռանալու մասին։