Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղումհնչած կրակոցների գործով կասկածյալներից մեկը գյուղապետի եղբայրն է, հայտնում է Shamshyan.com-ը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ գյուղում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով մարդ Է զոհվել: ԶԼՄ-ների տվյալներով ՝ դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 9-ին՝ ժամը 17:00-ին, գյուղի եկեղեցու մոտ:
Վիճաբանության ժամանակ մասնակիցներից մեկը դանակով հարվածել է մյուսին, որից հետո վերջինս իր Mercedes-ից վերցրել է երկփողանի որսորդական հրացան և կրակելով սպանել իրեն դանակահարողին:
Նշվում է, որ միջադեպի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել Մարմաշեն գյուղի երկու բնակիչներ, որոնցից մեկը մահացել է: Տեղի ունեցածի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ սպանության և սպանության փորձի հոդվածներով։
Կայքի տեղեկություններով իրավապահները պարզել են, որ գյուղի եկեղեցու մոտ տեղի ունեցած վիճաբանությանը, որն այնուհետև վերածվել է կրակոցների, մի կողմից մասնակցել են Մարմաշենի երկու տուժած բնակիչներ, մյուս կողմից՝ Վահրամաբերդի երկու բնակիչ և Գյումրիի մեկ բնակիչ:
Նշվում է, որ միջադեպի առնչությամբ ոստիկանությունում արդեն բացատրություն է տվել գյուղապետ Սարո Հովհաննիսյանը:
Ըստ կայքի՝ սպանության մեջ կասկածվողներից մեկը Հովհաննիսյանի եղբայրն է։ Ոստիկանությունն արդեն հայտնաբերել է նաև հրացանը, որից կրակոցներ են եղել, ինչպես նաև մեքենան, որով փախել է կրակողը: